«Այդ հայտարարությունները անհետևանք չեն մնա». Փարիզը՝ Մոսկվային


Ֆրանսիայի ԱԳՆ-ն սպառնացել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը հետևանքներով՝ ռուս դիվանագետների այն խոսքերի պատճառով, որ Ուկրաինա ուղարկված ֆրանսիացի ռազմական հրահանգիչներն օրինական թիրախ են լինելու Ռուսաստանի Զինված ուժերի համար։ Այս մասին հայտնում է France-Presse-ը:


«Դրանք վրդովեցուցիչ հայտարարություններ են, որոնք անհետևանք չեն մնա», - գործակալությունը մեջբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստոֆ Լեմուանի մեկնաբանությունը։


Նա հավելել է, որ ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու հնարավորությունը քննարկման փուլում է։


Հիշեցնենք, որ ֆրանսիական հեռուստաալիքում Փարիզում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդր Մակոգոնովը նախազգուշացրել է ֆրանսիացի հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելուց. «Եթե դուք ձեր զինվորներին, ձեր մասնագետներին, ձեր հրահանգիչներին ուղարկեք ուկրաինական տարածք՝ սպանելու ռուսներին, նրանք, բնականաբար, կդառնան լեգիտիմ թիրախ»։